Դուրովը Ֆրանսիայում պետք է ապրի դատավորի որոշած հասցեում. Փարիզի դատախազություն
Telegram-ի՝ դատական վերահսկողության տակ գտնվող հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում պետք է ապրի դատավորի որոշած հասցեում, հայտնել են Փարիզի դատախազությունից, տեղեկացնում է Liberation-ը:
Հստակեցվել է, որ ձեռնարկատերը ստիպված չի լինի կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, քանի որ նա տնային կալանքի տակ չէ, հետևաբար, կարող է շրջել Ֆրանսիայի տարածքում՝ դատարանի հաստատած սահմանափակումները պահպանելու պայմանով, օրինակ՝ պարբերաբար այցելել ոստիկանական բաժանմունք։ Տեղափոխվելիս նա պետք է դատավորի հետ համաձայնեցնի նոր հասցեն, պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Բացի այդ, ինչպես հայտնել են դատախազությունից, առգրավվել են Դուրովի բոլոր անձնագրերը։ Նա ազատ է արձակվել դատական հսկողության ներքո 5 միլիոն եվրո գրավի դիմաց:
Նշենք, որ օգոստոսի 28-ին Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել Telegram-ի միջոցով հանցավոր բովանդակությամբ նյութերի տարածմանը չհակազդելու համար։ Դատախազության տվյալներով՝ նա կասկածվում է 12 հանցագործության հարցով՝ բոլորն էլ կապված են Telegram-ի օգտագործման հետ: