ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է

Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է

Դնեպրի հոսանքի արագության տասնապատիկ աճը բարդացնում է մարդկանց տարհանումն այն տարածքներից, որոնք հեղեղվել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարի հետևանքով:

Խերսոնի մարզը, որտեղ գտնվում է Կախովկայի ՀԷԿ-ը, Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ: Բնակչության տարհանումներ են իրականցվում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից:
 
Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ վտանգավոր գոտիներից ժամանակին չմեկնած մարդկանց ստիպված իջեցնում են տանիքներից և ցանկապատերից։
 
«Երեկ մենք նրանցից շատերին ապարդյուն  համոզում էինք մեկնել ժամանակավոր տեղավորման վայրեր,- գրել է նա  Telegram ալիքում: - Այսօր հարկադրված նրանց մոտ ենք հասնում ԱԻՆ-ի (Արտակարգ իրավիճակների նախարարության) լողամիջոցներով: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Դնեպրի հոսանքի արագությունը 10 անգամ ավելացել է»։
 
Տարածաշրջանի կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների խումբն ավելացվել է մինչև 428 հոգի և 188 միավոր տեխնիկա, մոբիլիզացվել են մարզում առկա բոլոր արտաճանապարհային բեռնատարներն ու ավտոբուսները։ Նա ընդգծել է, որ աշխատանքն իրականացվում է շուրջօրյա։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ-ի կողմից տարածաշրջանի նահանգապետի պաշտոնակատար նշանակված Վլադիմիր Սալդոն, արդեն ավելի քան 4000 մարդ է տարհանվել ջրհեղեղից տուժած շրջաններից: Իսկ Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ Դնեպրի աջ ափին գտնվող բնակավայրերից տարհանվել է 1900 մարդ:
 
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին: 

  • Կիսվել: