շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
«Դա ի վերջո տեղի կունենա»․ Թրամփը՝ Իռլանդիայի միավորման մասին

«Դա ի վերջո տեղի կունենա»․ Թրամփը՝ Իռլանդիայի միավորման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի վարչապետ Միհոլ Մարտինի հետ, տեղեկացնում է The Guardian-ը։

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իռլանդիայի միավորումը, և ենթադրել է, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ 

Նա նշել է, որկղզու միավորումը «վերջիվերջո տեղի է ունենալու», ուստի այն «կարող է տեղի ունենալ հենց հիմա»։

«Ես կցանկանայի այն միավորված տեսնել»,-ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ ընկերներ ունի սահմանի երկու կողմերում էլ, և որ նրանք «հոյակապ մարդիկ» են։

ԱՄՆ նախագահն Իռլանդիայի հնարավոր միավորումն անվանել է «հիանալի բան» և հայտարարել, որ դա «մեծ ձեռքբերում կլիներ բոլորի համար»։ Միևնույն ժամանակ Թրամփն ընդունել է, որ Մեծ Բրիտանիան, թերևս, նույնպես իր կարծիքն է ունենալու այս հարցում։

Խոսելով միավորման հնարավոր քաղաքական նախաձեռնողների մասին՝ Թրամփն, ըստ երևույթին, ակնարկել է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինին՝ հայտարարելով. «Դուք այստեղ ունեք համապատասխան մարդուն՝ սա առաջ մղելու համար»։

«Կարծում եմ՝ դա հրաշալի կլիներ։ Նկատի ունեմ՝ ինչպե՞ս դա կարող է վատ լինել», — ասել է ԱՄՆ նախագահը։

 

  • Կիսվել: