Պարո՛ն Նարեկ Կարապետյան, սա ձեր անմիջական պատասխանատվությունն է. Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ դահլիճում միջադեպի մասին
ԱԺ նիստի ընթացքում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո նիստը շարունակվում է։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
«Հարգելի՛ գործընկերներ, երբ ես երկու-երեք ամիս առաջ այս դահլիճում առաջարկեցի պահել բարեկրթության կանոնները, առաջին հերթին դա անում էի մեր հանրության համար, որովհետև կարծում եմ՝ մեր հանրությունն անբարեկրթության համար չէ, որ մեզ ընտրել է, երկրորդ՝ ես դա անում էի ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությունը չլինի այն վիճակում, որում այսօր հայտնվեց։
Պարո՛ն Կարապետյան («Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան — խմբ.) և հարգելի՛ գործընկերներ, ես այս ընդմիջման ընթացքում նայել եմ բոլոր կադրերը, նորից դիտել եմ պարոն Տարոն Չախոյանի ելույթը, ձեր պահվածքի կադրերը, ծեծկռտուքն ու միջանցքում տեղի ունեցածը, և պետք է արձանագրեմ հետևյալը. Տարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել գեթ մեկ վիրավորական բառ։ Զրո։ Ոչ մի բառ, որը կարող էր լինել վիրավորական կամ ընկալվել որպես վիրավորական։ Լրիվ նորմալ ելույթ էր ունենում», - հայտարարեց ԱԺ նախագահը։
Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ Ռուբինյանն ասաց՝ նա չի տիրապետել իրեն ու իր էմոցիաներին, նախ՝ սկսել է վիրավորել ՔՊ-ական պատգամավորին, տեղից գոռացել վիրավորական արտահայտություններ, հետո վեր է կացել տեղից՝ փորձելով հարվածել Չախոյանին։
«Դրանից հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը, հատուկ նայել եմ՝ առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել», - արձանագրեց ԱԺ նախագահը՝ Կարապետյանին մեղադրելով նրանց հետ տեղի ունեցածի համար։
«Պարո՛ն Կարապետյան, ձեզ հետ տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն դուք եք։ Դուք եք սկսել այս ամեն ինչը, դուք եք միջամտել պատգամավորի ելույթին ու դուք եք սկսել ծեծկռտուքը», - նշեց Ռուբինյանը։
Ի պատասխան՝ դահլիճից հնչեցին արձագանքներ, և Ռուբինյանը հորդորեց լռել։
«Բոլորդ լռե՛ք։ Հարգելի՛ գործընկերներ, եթե էլի ուզում եք կրկնություն, ես էլի դեմ չեմ, լռե՛ք ու լսե՛ք՝ ես ինչ եմ ասում», - հորդորեց նա։
Անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե ինքն ուշ է կանչել անվտանգության աշխատակիցներին՝ նկատեց՝ հենց սկսվել է ծեծկռտուքը, ինքը կանչել է անվտանգության աշխատակիցներին։
«Համաձայնե՛ք՝ մի փոքր տարօրինակ է սկսել ծեծկռտուք, հետո ԱԺ նախագահից բողոքել, թե ինչու ուշ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին», - տարակուսանք հայտնեց Ռուբինյանը։
Նա հորդորեց ընդդիմադիրներին ծեծկռտուք չհրահրել ու նման իրավիճակներում չհայտնվել ու չհորդորել պաշտպանել իրենց։
«Քա՛վ լիցի, ես ձեզ ինչքան պետք է, պաշտպանում եմ։ Պարո՛ն Կարապետյան, սա ձեր անմիջական պատասխանատվությունն է։ Դուք՝ որպես խմբակցության ղեկավար, որպես պատգամավոր, իրավունք չունեք վիրավորել ամբիոնից ելույթ ունեցողին, որը որևէ վիրավորական արտահայտություն չի արել, և դուք իրավունք չունեք ձեր տեղից վեր կենալ ու նրան հարվածել։
Ասել եմ, չէ՞, որ մենք առաջարկում ենք բարեկրթության կանոն։ Կպահեք՝ կլինենք բարեկիրթ, չեք պահի՝ կստանաք 10-20-40-60 անգամ ավելի ու ստացաք։ Աստված վկա՝ դուք ստացաք», - հայտարարեց Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը։ Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել է, ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։ Ծեծկռտուքը շարունակվել է նաև միջանցքում։



