հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են  «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը

Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ադրբեջանի դեսպան Էլչին Հուսեյնլին և Վրաստանի դեսպան Թամարա Լիլուաշվիլին մասնակցել են Festival della Diplomazia-ի կողմից կազմակերպված «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով քննարկմանը։

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի տարբեր համալսարանների շուրջ 150 գիտաշխատողներ և ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, քննարկման առանցքում էին տարածաշրջանում խաղաղության ամրապնդումը, հաղորդակցային ուղիների զարգացումը, Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության ընդլայնումը և Կենտրոնական Ասիան ու Հարավային Կովկասը Եվրոպայի հետ կապող հաղորդակցային ուղիների զարգացման հեռանկարները։

Իր ելույթում դեսպան Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։

Դեսպանը նաև նշել է, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը։

Դեսպան Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին։

 

  • Կիսվել: