ԱԺ-ն Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Սևակ Միքայելյանի թեկնածությունը
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը։ Այս պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
Նա ծնվել է 1984 թվականին Թալինում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, 2005 թվականին ավարտել բակալավրիատը, իսկ 2007 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2010 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2012 թվականին ուսանել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, իսկ 2021-2022 թվականներին՝ Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում։
2007-2024 թվականներին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ։ 2024-2025 թվականներին զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։
2025 թվականին հիմնադրել է «ԷԴՈՒՔՍ» կրթական հիմնադրամը, այնուհետև դարձել դրա հոգաբարձուների խորհրդի նախագահ։
2011 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, իսկ 2015-2018 թվականներին դասավանդել է նաև ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում։
Թեկնածուն ելույթի ժամանակ ներկայացրեց ոլորտի զարգացման վերաբերյալ իր տեսլականը։
«Իմ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել ֆինանսական համակարգը դիտարկել կարգավորման և վերահսկողության, միջազգային փորձի, տնտեսական քաղաքականության և հետազոտական քաղաքականության տարբեր տեսանկյուններից։
Այդ փորձառությունների համադրումը կարող է օգտակար լինել ԿԲ խորհրդի կոլեգիալ աշխատանքում՝ նպաստելով որոշումների համակողմանի և հիմնավորված գնահատմանը»,– ասաց նա՝ խոստանալով, որ ընտրվելու դեպքում կառաջնորդվի մասնագիտական անկախությամբ, կառուցողական համագործակցությամբ և սեփական որոշումների համար պատասխանատվությամբ։



