Չինաստանի և Հնդկաստանի համար սաուդյան նավթով բեռնված երկու նավթատար լցանավեր հետ են շրջվել Կարմիր ծովում և ուղղվել դեպի Սուեզի ջրանցք
Չինաստանի և Հնդկաստանի համար սաուդյան նավթով բեռնված երկու նավթատար լցանավեր հետ են շրջվել Կարմիր ծովում և ուղղություն վերցրել դեպի Սուեզի ջրանցք՝ Եմենի հութիների նախազգուշացումից հետո: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ նախօրեին հութիները Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում են հայտարարել: Դա նոր հնարավոր ճակատ է ստեղծում Միացյալ Նահանգների դեմ՝ Իրանի հետ նրանց պատերազմում, ինչպես նաև մեծացնում է սպառնալիքը էներգակիրների համաշխարհային մատակարարումների և Պարսից ծոցից դուրս առևտրի համար:
Ըստ աղբյուրի՝ նավագնացության ընկերություններին ուղարկված էլեկտրոնային նամակներում խմբավորումը նրանց կոչ է արել չբարձրացնել և չբեռնաթափել ապրանքներ Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել հարվածների «ցանկացած կետում»:
Նշենք, որ հութիները վերահսկում են Եմենի հյուսիսային մասը՝ ներառյալ Կարմիր ծովի մուտքի մոտ գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ գոտին: Կարմիր ծովում գտնվող սաուդյան Յանբու նավահանգիստը ծառայում էր որպես հիմնական շրջանցիկ երթուղի մերձավորարևելյան նավթի միլիոնավոր մատակարարումների համար՝ շրջանցելով Պարսից ծոցի ելքում արգելափակված Հորմուզի նեղուցը:



