հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Մեծ Բրիտանիան դարձել է եվրոպական առաջին պետությունը, որը հավանություն է տվել ընտանի կենդանիներին կերակրելու համար նախատեսված արհեստական ​​մսի կոմերցիոն արտադրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times (FT) պարբերականը։

Հրապարակման համաձայն՝ Meatly ստարտափը համապատասխան թույլտվություններ է ստացել Մեծ Բրիտանիայի Կենդանիների և բույսերի առողջության գործակալությունից, որը վերահսկում է կենդանիների կերերը, ինչպես նաև Շրջակա միջավայրի, սննդի և գյուղական գործերի նախարարությունից։ 

Ընկերությունն այս տարի կսկսի լաբորատոր պայմաններում աճեցված հավի միս վաճառել անասնակեր արտադրողներին: Ի տարբերություն բուսական ծագման մսամթերքի, որոնք պատրաստվում են սոյայի կամ սիսեռի սպիտակուցից, լաբորատորիայում աճեցված միսը պատրաստվում է կենդանական բջիջներից, որոնք աճեցված են անոթներում: FT-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռևս չեն հաստատել մարդկանց սպառման համար նման մսի վաճառքը՝ ի տարբերություն Իսրայելի, Սինգապուրի և ԱՄՆ-ի։

Ընկերության գործադիր տնօրեն Օուեն Էնսորի խոսքով՝ որպես կենդանիների կեր արհեստական ​​մսի արտադրության թույլտվություն ստանալը այս տեսակի արտադրանքի շուկայի զարգացման մեկնարկային կետն է։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայում լաբորատոր պայմաններում աճեցված մսի վաճառքի հաստատումը հնարավոր է դարձել Բրեքսիթի՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու, ինչպես նաև բիոտեխնոլոգիաների և նորարարությունների վրա կառավարության ուշադրության շնորհիվ։ 

Համաձայն Վինչեստերի համալսարանի անցկացրած հարցման՝ հարցվածների 50 %-ը պատրաստ են կերակրել իրենց ընտանի կենդանիներին լաբորատորիայում աճեցված մսով, իսկ 32 %-ը դեմ չեն հենց իրենք ուտել նման արտադրանք։ 

  • Կիսվել: