շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բորելը և Բայրամովը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման հարցը

Բորելը և Բայրամովը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման հարցը

Լեհաստանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Բորելը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն։ «Մենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Ես ընդգծեցի Եվրամիության հանձնառությունը՝ խթանելու խաղաղ բանակցությունները և ամրապնդելու վստահությունը Հարավային Կովկասում: Խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային բարգավաճման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար Ադրբեջանի հետ համագործակցության հույս ունեմ», - գրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Բայրամովն ասել է, թե Հայաստանը «խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, խուսափում երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պարտավորությունների կատարումից և փորձում է ապակողմնորոշիչ կարծիք ստեղծել կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

Նախօրեին Լոձում կայացել է նաև Ժոզեպ Բորելի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:

  • Կիսվել: