ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բենինի կառավարությունը հայտնել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին

Բենինի կառավարությունը հայտնել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին

Բենինի կառավարությունն այսօր հայտարարել է, որ կանխել է պետական հեղաշրջման փորձն այն բանից հետո, երբ զինվորների մի խումբ պետական հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի նախագահ Պատրիս Տալոնին տապալելու մասին, տեղեկացնում է AFP-ն։

Նշվում է, որ Պատրիս Տալոնը պետք է իշխանությունը փոխանցի հաջորդ տարվա ապրիլին՝ իշխանության ղեկին 10 տարի մնալուց հետո: Նրա ղեկավարության տարիները նշանավորվել են կայուն տնտեսական աճով, ինչպես նաև ջիհադականների կողմից բռնությունների աճով։

Կիրակի վաղ առավոտյան իրենց «Վերականգնման ռազմական կոմիտե» (CMR) անվանող զինվորները պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ հանդիպել են և որոշել, որ «պարոն Պատրիս Տալոնը հեռացված է հանրապետության նախագահի պաշտոնից»։ Սակայն հայտարարությունից կարճ ժամանակ անց Տալոնին մոտ կանգնած աղբյուրը AFP-ին հայտնել է, որ նախագահն անվտանգության մեջ է, և դավադիրներին դատապարտել է որպես «մարդկանց փոքր խումբ, որոնք վերահսկում են միայն հեռուստատեսությունը»։

«Կանոնավոր բանակը վերականգնում է վերահսկողությունը։ Քաղաքում (Կոտոնու) և երկրում լիովին անվտանգ է: Ամեն ինչ բնականոն հունի վերադարձնելը ընդամենը ժամանակի հարց է։ Մաքրման աշխատանքները հաջող են ընթանում»,-ասել են զինվորները:

Ներքին գործերի նախարար Ալասան Սեյդուն զինվորների հայտարարությունն անվանել է «խռովություն»՝ ուղղված «երկրի և նրա ինստիտուտների ապակայունացմանը»։

«Ստեղծված իրավիճակում Բենինի զինված ուժերը և նրանց ղեկավարությունը պահպանել են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը և կանխել փորձը»,-ասել է նա:

  • Կիսվել: