չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բելառուսում զորավարժությունների ժամանակ երկու ռուս զինծառայող է զոհվել

Բելառուսում զորավարժությունների ժամանակ երկու ռուս զինծառայող է զոհվել

Բելառուսում պարաշյուտային դեսանտավորման ընթացքում երկու ռուս զինծառայող է զոհվել, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
 
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Բելառուսի Գրոդնո քաղաքի մոտակայքում օդադեսանտային զորքերի ստորաբաժանման դեսանտավորման ընթացքում:
 
՛՛Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ քամու հանկարծակի ուժեղ պոռթկման հետևանքով երկու պայմանագրային զինծառայողների պարաշյուտները շարքից դուրս են եկել։ Երկուսն էլ պարաշյուտային պատրաստության հրահանգիչների բարձր որակավորում են ունեցել։ Զինծառայողներից մեկը փորձել է կանգնեցնել երկուսի անկառավարելի անկումը՝ օգտագործելով իր պահեստային պարաշյուտը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Հաղորդվում է նաև, որ անբավարար բարձրության պատճառով զինծառայողի պահեստային պարաշյուտային համակարգը չի հասցրել բացվել, ու կոշտ վայրէջք է տեղի ունեցել: Տուժած զինծառայողներին տեղափոխել են բժշկական հաստատություն, սակայն նրանք ստացած վնասվածքներից մահացել են:
 
Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները:

  • Կիսվել: