կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը սահմանափակված չէ. ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը սահմանափակված չէ. ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է  Բելառուսի տարածքում Ռուսաստանի Դաշնության մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին՝ նշելով, որ այդ համաձայնությունը ժամանակային շրջանակներ չի ենթադրում։

«Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի առկայության հնարավոր ժամանակային շրջանակներին, ապա ռուս-բելառուսական համաձայնություններն այս հարցում որևէ սահմանափակում չեն ենթադրում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում Ռուսաստան մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ վերադարձի հիմնական պայմաններ կարող են դառնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրաժարումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության և ինքնիշխանության խաթարման ուղեգծից», - ասել է նա:

Պոլիշչուկի խոսքով՝  իրենց այդ քայլին պետք է նախորդի ամերիկյան ամբողջ միջուկային զենքի լիովին դուրսբերումը ԱՄՆ-ի տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացմամբ։

«Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման որոշումը «շատ բանով կրում է հարկադրական բնույթ և իրագործվել է՝ ի պատասխան դաշինքի ագրեսիվ քաղաքականության», հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների «համատեղ միջուկային առաքելությունների բազմամյա ապակառուցողական գործելակերպը»,- ասել է դիվանագետը։  

Պոլիշչուկն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները «չեն հակասում նրա միջազգային-իրավական պարտավորություններին, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման  պայմանագրի առումով, քանի որ միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի խնդիրն է»:

«Ի տարբերություն Եվրոպայի երկրներում ամերիկյան մարտագլխիկների, մեր հատուկ ռազմամթերքը կգտնվի Ռուսաստանի անմիջական մերձակայքում՝ Միութենական պետության տարածքում, որի շրջանակներում ստեղծվել է միասնական պաշտպանական տարածություն», - նշել է դիվանագետը:

  • Կիսվել: