Բելառուսի նախագահն իր ու Զելենսկիի միջև զրույցն անվանել է «ծանր խոսակցություն»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ պատմել է փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:
Նշվում է, որ Լուկաշենկոն Զելենսկիի հետ զրույցն անվանել է ՛՛ծանր խոսակցություն՛՛:
՛՛Նա մեզ ագրեսոր էր համարում, սակայն ի վերջո մենք պայմանավորվեցինք: Եվ ես նրան ասացի. ՛՛Գոմելում ռուսական պատվիրակությունը սպասում է քեզ, արի՛: Պատերազմը քեզ մոտ է ընթանում: Դադարեցրու դեմ հանդես գալ, հակառակ դեպքում բոլոր շներին քո դեմ բաց կթողնեն՛՛,-պատմել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն ասել է, որ իրենք երաշխավորել են ապահովել լիարժեք անվտանգությունը, սակայն կողմերը որոշել են Լվովից անցնել Լեհաստան: ՛՛Ստիպված էինք թույլ տալ լեհերին հատել պետական սահմանն ու նրանց հասցնել Բրեստի օդանավակայան, իսկ արդեն այնտեղից մեր ուղղաթիռներով տեղափոխել ՛՛հանգստի բազա՛՛,-պատմել է Բելառուսի նախագահը: