շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաքվին խիստ զայրացրել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ, որում նշված է, որ Նախիջևանը կազմել է Արևելյան Հայաստանի մաս

Բաքվին խիստ զայրացրել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ, որում նշված է, որ Նախիջևանը կազմել է Արևելյան Հայաստանի մաս

Ադրբեջանը կտրուկ է արձագանքել ՌԴ ԱԳՆ֊ի Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի կապակցությամբ տարածված հաղորդագրությանը, որում Նշվում է, որ Նախիջևանը մտել է Արևելյան Հայաստանի կազմի մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ֊ն մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվության հրապարակումը զարմանք և ափսոսանք է առաջացնում Բաքվի մոտ»:
Ադրբեջանի իշխանություններին հատկապես զայրացրել է այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ «Թուրքմենչայի պայմանագրի» 194-ամյակի կապակցությամբ տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ այդ պայմանագրով Ռուսաստանին են անցել Երևանի և Նախիջևանի խանությունները՝ Արևելյան Հայաստանը։

«Զարմանալի և ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալական ցանցի պաշտոնական էջում 1828 թվականի «Թուրքմենչայի պայմանագրի» մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը՝ փետրվարի 22-ին»,֊ ասվում է հրապարակման մեջ:

««Արևելյան Հայաստան» արտահայտությունը որևէ կերպ նշված չէ վերոնշյալ պայմանագրի տեքստում և, իհարկե, այդ փաստը քաջ հայտնի է ՌԴ ԱԳՆ պատմական փաստաթղթերի վարչությանը։ Մենք անհրաժեշտ ենք համարում վերացնել սխալմունքը և ակնկալում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում նշված տեղեկատվության համապատասխան ուղղում»,֊ ասվում է հրապարակման մեջ։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշվում է, որ տվյալ պայմանագրով 1828 թվականին Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմել։ ՌԴ արտգործնախարարության էջում այդ առնչությամբ, մասնավորապես մեջբերված էր հետևյալը․ «Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»։

  • Կիսվել: