չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Բանգլադեշում ավելի քան 50 մեղադրանք են առաջադրել նախկին վարչապետ Հասինայի դեմ

Բանգլադեշում ավելի քան 50 մեղադրանք են առաջադրել նախկին վարչապետ Հասինայի դեմ

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինային տարբեր ծանրության հանցագործություններում մեղադրանքների թիվը հասել է 51-ի։ Այս մասին հաղորդել է The Daily Star պարբերականը։

Հրապարակման համաձայն՝ ոստիկանությունն ու դատարանները շարունակում են տվյալներ գտնել հուլիս և օգոստոս ամիսներին երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում ավելի քան 500 մարդու զոհվելու մասին և ուսումնասիրել հանգամանքները, որոնք այդքան զոհերի են հանգեցրել Շեյխ Հասինայի ու նրա նախարարների հրամանով ուժայինների գործողությունների հետևանքով: Հաստատված տվյալների հիման վրա կառավարության նախկին ղեկավարին այժմ 42 մեղադրանք է առաջադրված բողոքի ակցիաների մասնակիցների սպանության, 7 մեղադրանք՝ մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության, ինչպես նաև մարդկանց առևանգման մեջ:

Բացի նախկին վարչապետից, նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել ևս 86 անձի, այդ թվում՝ «Ժողովրդական լիգա» կուսակցության գլխավոր քարտուղար Օբայդուլ Քադերին, նախկին արտգործնախարար Հասան Մահմուդին, ներքին գործերի նախկին նախարար Ասադուզզաման Խանին և արդարադատության նախկին նախարար Անիսուր Ռահմանին։

Ցույցերի ֆոնին Հասինան օգոստոսի 5-ին հրաժարական է տվել և մեկնել Հնդկաստան։ Բանգլադեշում ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմակերպի նոր ընտրություններ։

 

  • Կիսվել: