Բախումներ Բանգլադեշում. կա մեկ զոհ
Բանգլադեշում բախումներ են տեղի ունեցել տապալված վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցների և իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է AFP-ն:
Նշվում է, որ բախումների ընթացքում կիրառվել են մաչետեներ և հրկիզելով շենքեր ու գույք։ Ոստիկանությունից հայտնել են, որ երկրի մի այլ շրջանում անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել:
Հաղորդվում է նաև, որ բախումները տեղի են ունեցել նախկին իշխող «Ավամի լիգ» կուսակցության հայտարարած երկօրյա համազգային գործադուլի ֆոնին։ Կուսակցության գործունեությունն արգելված է։ Դրա կողմնակիցները բողոքում են քաղաքական հետապնդման դեմ։
Գոպալգանջից մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Շարիաթպուր շրջանում բախումների ժամանակ զոհվել է Իբրահիմ Սեպահին, որին ոստիկանությունը համարում է «Ավամի լիգի» հնարավոր կողմնակից։ Ոստիկանության բարձրաստիճան աշխատակից Մդ Զաքիարիա Ռահմանի հաղորդմամբ, անկարգությունների մասնակիցները միմյանց վրա հրկիզող խառնուրդով շշեր են նետել, իսկ Սեպահին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Գոպալգանջում փողոցային ակցիաների մասնակիցները դուրս են եկել մաչետեներով, փայտերով և այլ զենքերով։ Անկարգությունները զսպելու համար իշխանությունները քաղաք են ուղարկել ռազմականացված ստորաբաժանումների հարյուրավոր լրացուցիչ ծառայողների։ Կիրակի օրը խանութների և առևտրային այլ հաստատությունների մեծ մասը փակ է եղել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Հնդկաստանում աքսորի մեջ գտնվող Հասինան ավելի վաղ հայտարարել էր դեկտեմբերին Բանգլադեշ վերադառնալու մտադրության մասին։ Նախկին վարչապետը հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով՝ 2024 թվականին ուսանողների գլխավորած բողոքի ցույցերի արյունալի ճնշման առնչությամբ։



