Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն է. քվեարկություն է տեղի ունենում ԵՄ 20 երկրում
Ամբողջ Եվրոպայով մեկ կիրակի բացվել են ընտրատեղամասերը․ Եվրամիության 20 երկրների ընտրողները քվեարկում են Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք, ինչպես սպասվում է, կարող են փոխել աշխարհի ամենամեծ առևտրային բլոկի ապագա ուղղությունը, գրում է AP-ն։
Ուկրաինայի պատերազմը, կլիմայական քաղաքականության ազդեցությունը ֆերմերների վրա և միգրացիան․ սրանք այն հարցերից մի քանիսն են, որոնք հուզում են ընտրողներին արևմուտքում Պորտուգալիայից մինչև Ավստրիա, արևելքում Լեհաստանից մինչև Միջերկրական ծովում գտնվող Կիպրոս, երբ նրանք քվեարկում են Եվրախորհրդարանի 720 անդամների օգտին:
Քվեարկության կիրակնօրյա մարաթոնն ավարտում է քառօրյա ընտրական շրջանը, որը Նիդեռլանդներում սկսվել էր հինգշաբթի օրը:
Հինգ տարին մեկ անցկացվող ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն կարող հրապարակվել մինչև ԵՄ 27 երկրներում վերջին ընտրատեղամասերի փակվելը:
ԵՄ օրենսդիր մարմնի ընտրություններն անցկացվում են չորս օրերից մեկում՝ հունիսի 6-9-ը՝ կախված յուրաքանչյուր երկրի քվեարկության ազգային ավանդույթներից։