երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ

Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ: Այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։ Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։

«Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», - նշվում է տեքստում:

Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։

«Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», - հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում:

Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա:

Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: