Թուրքիայի հարավում անտառային և տափաստանային հրդեհների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ավելի քան 20 տուն վնասվել կամ ոչնչացվել է, իսկ ավելի քան 1500 բնակիչ տարհանվել է:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ չորեքշաբթի օրվա դրությամբ հրշեջները շարունակում էին մարել խոշոր հրդեհը Ադանա նահանգում։

Նշվում է, որ ամենախոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի մոտ 16:30-ին՝ Անթալիայի նահանգի Աքսու շրջանի Կարայոզ թաղամասում։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է դեպի հարևան Քեփեզ շրջան՝ վտանգելով բնակելի տները, ֆերմաներն ու տնտեսական շինությունները։

Իշխանությունները տարհանել են 720 մարդու Աքսու շրջանի Կարայոզ, Յումուք և Եշիլքարաման թաղամասերի 254 տներից, ինչպես նաև Քեփեզ շրջանի Չամլըջա թաղամասից։ Քաղաքային ապաստարանից դուրս է բերվել ավելի քան 100 շուն։ Որոշ ժամանակով փակվել էր նաև Անթալիան և Ըսպարտան կապող ավտոճանապարհը։

Հրդեհը խաթարել է էլեկտրամատակարարումը ավելի քան երկու հազար սպառողի համար և վնասել բնակելի տներ, գոմեր ու ջերմոցներ։

Եվս մեկ հրդեհ երեքշաբթի սկսվել է Քումլուջայի շրջանի Թոփթաշ թաղամասում և տարածվել դեպի Գյուզյորեն։

Սերիկ շրջանում հրդեհը ոչնչացրել է վեց տուն, վնասել գյուղատնտեսական հողատարածքներ և ջերմոցներ, ինչպես նաև այրել մոտ 160 հեկտար անտառ։ Հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։

Չորեքշաբթի Ալադաղը թաղամասի հրդեհը հաջողվել է տեղայնացնել, սակայն Քոզանում կրակի դեմ պայքարը շարունակվել է օդից և ցամաքից։

Սեպտեմբերի սկզբին հրդեհներ տեղի են ունեցել նաև Ադանայի, Մերսինի, Քայսերիի, Բուրդուրի և Բուրսայի այլ շրջաններում։ Դրանց մեծ մասը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։

Թուրքիայի Անտառային տնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ սեպտեմբերի 1-8-ը երկրում գրանցվել է 146 անտառային հրդեհ և ևս 260 հրդեհ՝ անտառային տարածքներից դուրս։ Միայն սեպտեմբերի 6-8-ը տեղի է ունեցել 177 հրդեհ, դրանց թվում՝ 63 անտառային հրդեհ։

Հրդեհների հիմնական պատճառները դեռ չեն պարզվել։