Անկարայում հանդիպում է կայացել Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների միջև
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հանդիպում է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակից Ռուստեմ Ումերովի հետ։ Այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը։
Գյուլերն Ումերովին դիմավորել է զինվորական արարողությամբ, որից հետո կողմերը հանդիպում են անցկացրել Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։
Իսկ օգոստոսի 1-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմանավի ջրարկման արարողությունը։ Ումերովը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Թուրքիայում կառուցված ուկրաինական «Հետման Իվան Վիհովսկի» կորվետի ջրարկման արարողությանը մասնակցել է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հետ։ Նա հավելել էր, որ կորվետը զգալի հավելում կլինի Ուկրաինայի նավատորմի համար և կամրապնդի երկրի պաշտպանունակությունը։
Բացի այդ, ըստ Hurriyet-ի, Թուրքիան վավերացրել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2022 թ. փետրվարի 3-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիրը հաստատել է օգոստոսի 1-ին։
Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը 2023 թվականին կազմել է 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար։