ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Միջազգային կառույցները շարունակում են աջակցել հայ գերիների վերադարծի գործընթացին: Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին:

Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը: Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին՝ ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ կալանավորվածներին»,- ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: