երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի ՄԻ պրակտիկայի վերաբերյալ

ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի ՄԻ պրակտիկայի վերաբերյալ

ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին ներկայացրել են բանաձև, որով զեկույց են պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի (Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը թույլ է տալիս Կոնգրեսին տեղեկատվություն պահանջել որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և փոխել կամ դադարեցնել ԱՄՆ անվտանգության աջակցությունն այդ երկրին՝  ստացված տեղեկատվության լույսի ներքո):

Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեմ նրա շարունակական ռազմական հարձակման ժամանակ, որը հանգեցրել է հայ բնակչության էթնիկ զտումների: Սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը  և Փիթեր Ուելչը  միացել են բանաձևին:

Սենատոր Էդ Մարքին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:

«Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծում։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները»,-ասել է Մարքին:

Սենատոր Քեսիդին նշել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ավերման մասին:

Սենատորների այս բանաձևը պետքարտուղարությունից կպահանջի մանրամասն տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կամայական սպանությունների, գերիների խոշտանգումների, Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանման և կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման վերաբերյալ:

Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված օրենք է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի աջակցությունը ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե երկու սենատորների այս բանաձևն ընդունվի, կլինի առաջին դեպքը, որ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց կպահանջի 502B(c) բաժնի համաձայն:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը համազգային գործողությունների արշավ է սկսել՝ կոչ անելով սենատորներին աշխատել օրենսդրության ընդունման ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: