ԱՄՆ-ն յոթ հարված է հասցրել Եմենում հութիների ռազմական միջոցներին
Միացյալ Նահանգները փետրվարի 8-ին յոթ հարված է հասցրել Եմենի հութիների հեռակառավարվող նավերին և հրթիռներին՝ նշելով, որ դա արվել է ինքնապաշտպանական նպատակներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերն ինքնապաշտպանական նպատակներով յոթ հարված են հասցրել հութիների չորս հեռակառավարվող վերջրյա նավերի և շարժական հականավային թևավոր հրթիռների, որոնք պատրաստվում էին արձակման Կարմիր ծովում գտնվող նավերի ուղղությամբ», - ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:
CENTCOM-ը հայտնել է, որ նույնականացրել է այդ հրթիռներն ու հեռակառավարվող նավերը Եմենի այն շրջաններում, որոնք վերահսկվում են հութիների կողմից, և «որոշել, որ դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի համար»:
2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հարձակումից հետո Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է իրականացնում։ Այս ընթացքում Մերձավոր Արևելքի մի քանի խմբավորումներ ակտիվացրել են գրոհները Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի դեմ: Հութիները, որոնք ներկայում վերահսկում են Եմենի զգալի հատվածները, ներառյալ՝ մայրաքաղաք Սանան, պարբերաբար գնդակոծում են Կարմիր ծովում առևտրային նավերը՝ ի աջակցություն պաղեստինցիների: Ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում Եմենում հութիների ռազմական միջոցներին ու օբյեկտներին: