երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գործող քրդական կուսակցությանը. թուրքական վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գործող քրդական կուսակցությանը. թուրքական վերլուծական կենտրոն

Թուրքական «Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին, գրում է ermenihaber.am-ը:

Պրոֆեսորը նշել է, որ Հալեպում և Դամասկոսում տեղի ունեցածից հետո այժմ իրավիճակը թեժ է երկրի հյուսիսում գտնվող Մանբիչի և Այն ալ-Արաբի սահմանին:

Մասնավորապես Սիրիայի հյուսիսում գործող «Սիրիայի ազգային բանակ» (SMO) ընդդիմադիր զինյալների կազմավորման և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) միջև բախումները սաստկացել են:

«Մոտ ժամանակներս այդ հատվածում շատ ավելի լուրջ զարգացումներ կարող են լինել: Այդ հնարավոր զարգացումն այլ զարգացումներ է առաջ քաշում»,-հավելել է նա:

Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ և Ֆրանսիան միջամտել են տեղի ունեցողին և վերջիններիս հովանու ներքո «Սիրիայում քրդական ազգային խորհրդի» (ENKS) և Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն կուսակցության» (PYD) միջև բանակցություններ են սկսել:

«ԱՄՆ-ն և Ֆրանիսան աջակցում են PYD-ին: Երկու պետության հսկողության ներքո ENKS/PYD բանակցություններ են մեկնարկել: Նպատակն է համընդհանուր ճակատ ստեղծել և պահպանել գոյությունը հյուսիս-արևելքում: Ինքնավարության նոր պահանջը բախում կառաջացնի»:

Այս համատեքստում պրոֆեսորն ընդգծում է, որ եթե «PYD»-ի ռազմական ճյուղավորումը հանդիսացող «YPG»-ն վայր դնի իր զենքերը և միանա նոր բանակին, ապա «PYD»-ի դիրքերը կարող են էականորեն թուլանալ:

Նշենք, որ Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Շարան հայտարարել էր, որ թե «YPG»-ն և թե մյուս խմբավորումները պետք է վայր դնեն իրենց զենքերը և միանան նոր բանակին:

Այս համատեքստում ուշագրավ է թուրքական իշխանությունների մի շարք բարձրաստիճան շփումներն ու հանդիպումները նման քաղաքականություն վարող սիրիական նոր ղեկավարության հետ. նրանք մշատպես կրկնում են մեկ միասնական Սիրիայի ստեղծման մասին իրենց ցանկությունը:

  • Կիսվել: