Աֆղանստանն ու Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցրել. մանրամասներ
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը երեկ՝ հոկտեմբերի 11-ին, հայտարարել է Պակիստանի դեմ «հատուցման հաջող գործողության» մասին, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է 7 սահմանամերձ նահանգներում բախումների մասին: Գործողությունը սկսվել է ի պատասխան Քաբուլ քաղաքի և Հոսթ ու Նանգարհար նահանգների գնդակոծությունների:
Աֆղանստանը հարվածներ է հասցրել արևելյան և հարավային սահմանի մոտ գտնվող ռազմաբազաներին։
Իր հերթին Tolo news հեռուստաալիքը, վկայակոչելով Թալիբանի կառավարության պաշտպանության նախարարության հայտարարությունը, հայտնել է, որ հաջողվել է խոցել այն օբյեկտները, որոնցից անօդաչու թռչող սարքեր են արձակվել Աֆղանստան, ինչպես նաև այն կենտրոնները, որոնք կապված են ԻԼԻՊ-ի հետ:
Պակիստանյան SAMAA TV-ն էլ պնդում է, որ Աֆղանստանը կրակ է բացել առանց պատճառի։ Պակիստանը պատասխան հարված է հասցրել՝ ոչնչացնելով աֆղանական մի քանի դիրքեր։
Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հատուցման գործողության» ավարտի մասին և զգուշացրել, որ Պակիստանի կողմից հաջորդ խախտման դեպքում երկրի զինված ուժերը «վճռական հակահարված կտան»:
Նշենք, որ ավելի ուշ Պակիստանը հայտարարել էր բախումների արդյունքում աֆղանական 19 սահմանային հենակետերի գրավման մասին՝ հայտնելով, որ զոհվել է 12 պակիստանցի զինվորական
Հավելենք նաև, որ Պակիստանը վաղուց է մեղադրում աֆղանական «Թալիբանին» այն բանում, որ թույլ է տալիս պակիստանյան «Թալիբանին» գործել իր տարածքում և պայքարել Իսլամաբադի դեմ ՝ իսլամական կառավարման խիստ համակարգ պարտադրելու նպատակով:


