կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աֆղանստանի ողջ տարածքը «Թալիբանի» վերահսկողության ներքո է

Աֆղանստանի ողջ տարածքը «Թալիբանի» վերահսկողության ներքո է

Արմատական թալիբները բարձրացրել են իրենց դրոշը Քաբուլի նախագահական պալատի վրա՝  հայտարարելով, որ երկրում տեղի է ունեցել ժողովրդական ապստամբություն, 20-ամյա պատերազմն ավարտված է:

Թալիբները պահանջում են օտարերկրյա զորքերի դուրսբերումը երկրից, նախքան նոր կառավարության ձևավորումը, որում, ըստ նրանց հավաստիացումների, կներգրավվեն ոչ միայն շարժման անդամներին, այլ նաև այլ աֆղանստանցիների, միաժամանակ մտադիր չեն ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Թալիբները իրենց վերահսկողության տակ են վերցրել ողջ Աֆղանստանը: Հրաժարական ներկայացրած նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը. նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Նա իր հրաժարականը բացատրել է արյունահեղությունից խուսափելու նպատակով: Օտարերկրյա մի շարք պետություններ տարհանում են իրենց քաղաքացիներին և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին: Գիշերը Քաբուլում կրակոցներ են հնչել: 80 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքում գործում է պարետային ժամ:

Պենտագոնը լրացուցիչ 1000 զինծառայող է ուղարկել Աֆղանստան՝ քաղաքացիների և դիվանագետների տարհանումը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար:

Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում քաոսային իրավիճակ է. հազարավոր աֆղանցիներ փորձում էին հեռանալ երկրից: Թալիբանի ուժերը գտնվում են օդանավակայանի մոտ. ըստ որոշ աղբյուրների՝ կրակոցների հետևանքով կան զոհեր:

Օդանավակայանը գտնվում է ԱՄՆ Զինված ուժերի վերահսկողության ներքո: Այնտեղ է տեղափոխվել նաև Աֆղանստանում ԱՄՆ դեսպանությունը: Օդանավակայանում տեղակայված են նաև թուրքական և ադրբեջանական զորախմբեր:

ՄԱԿ-ը զգուշացնում է մոտալուտ հումանիտար աղետի մասին: Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կքննարկվի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում: Ավելի քան 60 երկիր կոչ է արել ապահովել Աֆղանստանից օտարերկրացիների անվտանգ հեռացումը, անհապաղ վերականգնել անվտանգությունն ու քաղաքացիական կարգը երկրում, միաժամանակ պատրաստակամություն են հայտնել օգնել աֆղանցիներին՝ ապահով և արժանապատիվ ապրելու համար:

  • Կիսվել: