կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելու» մեջ

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելու» մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները։ Ադրբեջանական կողմը «խստորեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված անհիմն պնդումները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելը»։

Հայտարարության մեջ նշվում է, թե Ֆրանսիան, որը այսքան տարի չի մեկնաբանել «ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները», չպետք է խոսի հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք իբր իրենց կամքով ու առանց բռնության լքել են «Ադրբեջանի տարածքները»։

«Բացի այդ՝ ավելի լավ կլիներ՝ ֆրանսիական կողմը, որ անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակում տարածքային ամբողջականության կարևորությանը, պարզաբաներ նման պայմանավորվածությունների պայմաններում 30 տարի շարունակ հայկական կողմի ագրեսիան և օկուպացիան, ինչպես նաև այն, որ ադրբեջանական 8 գյուղեր դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ են»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանական գերատեսչությունը շեշտում է, որ « տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»։

Նշենք՝ Ֆրանսիայում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

«Կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Պրահայում հանդիպման ժամանակ վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան փարատի երկիմաստությունը»,- նշել էր Մակրոնը՝ հավելելով. «Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում համագործակցությունը պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիայի։

  • Կիսվել: