կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաջիզադեն՝ Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարության մասին

Հաջիզադեն՝ Չեխիայի խորհրդարանի խոսնակի՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությանը, ըստ որի, կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը  հարցներ իր հայ հյուրընկալողներին, թե երբ է Հայաստանը պատրաստվում վերացնել իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված «տարածքային պահանջներն իր հարևանների նկատմամբ»՝ «հայկական կեղծ պատմությունների» վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Ադամովային հարց էին ուղղել, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:

«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:

Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասել էր Ադամովան։

  • Կիսվել: