երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանցի լրագրողները երկրի իշխանությունների դեմ բողոքով դիմել են Եվրոպայի խորհուրդ

Ադրբեջանցի լրագրողները երկրի իշխանությունների դեմ բողոքով դիմել են Եվրոպայի խորհուրդ

Ազգային մամուլի օրը ադրբեջանցի լրագրողների եւ ակտիվիստների մի մեծ խումբ դիմել է Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմիններին, որպեսզի իր անհանգստությունը հայտնի մեդիայի մասին նոր օրենքի կիրառման բացասական հետեւանքների առիթով, օրենքն ուժի մեջ է մտել 2022թ. փետրվարին։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

«Դեռեւս մինչեւ օրենքի ընդունումը տեղի փորձագետների արտահայտած դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների (որը պաշտպանում է խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությունը) հետ դրա անհամատեղելիության մասին հաստատվել է 2022թ. հունիսին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հրապարակած եզրակացությունում։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ օրենքն ընդհանրապես չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին, եւ նման օրենքի կիրառումը Եվրոպայի խորհուրդ մտնող որեւէ երկրում անթույլատրելի է»,- նշել են դիմումի հեղինակները։

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր բանաձեւում, որն ընդունվել է 2022թ. դեկտեմբերին, պահանջել է անհապաղ փոփոխություններ մտցնել օրենքում։

«Մենք խորապես ափսոսում ենք, որ դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք արտահայտվել են խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությանն սպառնացող օրենքի ռեակցիոն բովանդակության առումով, ուշադրության չեն առնվել։ Օրենքի կիրառումը լրագրությունը գործնականում դարձնում է գործունեության լիցենզավորվող տեսակ։ Այդպես ստեղծվում է ԶԼՄ-ների եւ լրագրողների միասնական պետական ռեեստր, թողարկվում են միասնական լրագրողական վկայականներ եւ միայն այդ պահանջներին համապատասխան է լեգալ ճանաչվում լրագրողական գործունեությունը։ Դա բացասաբար է անդրադառնում  անկախ ԶԼՄ-ների գործունեության եւ ազատ լրագրության վրա»,- նշվել է դիմումում։

Նման կանոնների իրականացումը Ադրբեջանին չի մոտեցնում եվրոպական ընտանիքին, որտեղ գերակշռում են հիմնական ազատությունները եւ իրավունքները, եւ նրան վերածում է երկրի, որտեղ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության փուխր մնացորդները գտնվում են սպառնալիքի տակ, ընդգծվել է դիմումի մեջ։

Հեղինակներն ափսոսանքով փաստում են Եվրոպայի խորհրդի անգործությունը անդամ երկրներում ազատությունների սահմանափակման փաստերի առումով։

 

  • Կիսվել: