կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն 2022 թվականին կրկնապատկվել է

Ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն 2022 թվականին կրկնապատկվել է

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետական մարմինների այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես  հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը ողջունել է Խորհրդի նիստի մասնակիցներին և կարևորել ժողովրդագրական ցուցանիշների շարունակական բարելավմանն ուղղված  Խորհրդի ջանքերն ու պետության կողմից իրականացվող այն առանցքային ծրագրերը, որոնց դրական ազդեցությունը հանրության շրջանում ակներև է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված գործող ծրագրերին, արձանագրված արդյունքներին, այնուհետև ներկայացրել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության մշակման աշխատանքները, մասնավորապես՝ մեթոդաբանությունը, իրականացման փուլերն ու ժամկետները։

Նշվում է, որ ռազմավարությամբ նախատեսվող գործողություններն ուղղված են լինելու առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելուն, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալներ ստեղծելուն։

Եթե 2019 թվականին ժողովրդագրական պատկերի բարելավման ծրագրերին ուղղվող բյուջեն կազմում էր մոտ 14,5 մլրդ դրամ, ապա 2022 թվականին այն դարձել է շուրջ 31,4 մլրդ դրամ։

Օրակարգային երկրորդ հարցի քննարկման ժամանակ Ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմի ղեկավար, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է ժողովրդագրական տվյալների շտեմարանի ստեղծման ծրագիրը, մեթոդաբանությունը, հավաքագրված տվյալների աղբյուրները և այլն։

  • Կիսվել: