Զբոսաշրջիկների թիվը 81,2 տոկոսով աճել է, որոնց մեծ մասը ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկներն են․ Վահե Հովհաննիսյան
Մենք ունենք տնտեսական ակտիվության բարձր տեմպեր 2023 թվականի առաջին եռամսյակում: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հունվար-մարտ ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12,2 տոկոս աճ»,- ասաց նա և նշեց, որ հիմնականում աճը պայմանավորված է ծառայության աճով, սակայն արդյունաբերության ոլորտում ևս աճ կա: Նախարարն ասաց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով:
«2023 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանման զգալի աճ ենք ունեցել՝ 348 տոկոս՝դոլարային աճով, որին զգալիորեն նպաստել է վերարտահանումը, հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 70 տոկոսային կետով է անդրադարձել»,- ասաց նա:
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ ունենք զբոսաշրջիկների թվի էական աճ՝ 81,2 տոկոսով, որին ամենամեծ չափով նպաստել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները, ինչպես նաև այլ երկրներից ևս էական աճ կա, և նրանց թիվը 140 հազարից դարձել է 215 հազար։
«2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ միայն դրամական փոխանցումները, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել են 2,5 անգամ»,- ասաց նա և նշեց, որ գնաճային ճնշումները թուլացել են:
«Բանկային համակարգում առաջին եռամսյակում վարկերի և ավանդների ծավալի տեմպերը շարունակել են արագանալ, որտեղ զգալի նպաստում է ունեցել հիպոտեկային վարկերի աճը: Պետական պարտատոմսերի շուկայում նկատել ենք ակտիվություն և կանխատեսում ենք, որ ավելի է ուժեղանալու»,-ասաց նա: