Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
Հունիսի 26-ին Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը, որտեղ կմեկնարկի սոցիալական բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր մոդելի փորձնական ծրագիրը՝ ուղղված տարեցների կյանքի որակի բարելավմանը և համայնքային աջակցության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Բացման արարողությանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ոլորտային մասնագետներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր և համայնքի բնակիչներ։
.jpg)
Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը մասնավորապես նշեց.
«Սա կարևոր քայլ է համայնքում տարեցների նկատմամբ հոգատարության, արժանապատիվ ծերացման և համայնքային աջակցության նոր մշակույթի ձևավորման ճանապարհին։
Հուլիսի 1-ից կմեկնարկի նաև «Գերո-խնամք Վարդենիս» ծրագիրը, որի նպատակն է Վարդենիս համայնքում ներդնել և փորձարկել տարեցների համար համայնքային աջակցության և սոցիալական բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր, ժամանակակից մոդել։
«Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը կդառնա համայնքում տարեցների սոցիալական ներառման, համայնքային աջակցության, առողջ ծերացման և բազմաֆունկցիոնալ ծառայությունների զարգացման կարևոր հարթակ՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը և հասարակական ակտիվության պահպանմանը։
Վստահ եմ, որ այս կենտրոնը և մեկնարկող ծրագիրը կդառնան հաջողված օրինակ՝ ապացուցելով, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու արժանապատիվ ծերության ապահովումը մեր հասարակության կարևորագույն արժեքներից են»։
Համայնքի ղեկավարն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, «Փարոս» հիմնադրամին, «ՐԱՅԶ-Հայաստան» ծրագրի գործընկեր կազմակերպություններին, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիային, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ոլորտների բոլոր մասնագետներին ու կազմակերպություններին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչվեց։
.jpg)
«Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնի գործունեությունը և «Գերո-խնամք Վարդենիս» ծրագրի իրականացումը նոր հնարավորություններ կստեղծեն համայնքի տարեց բնակիչների համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ, ակտիվ և առողջ ծերացման համար անհրաժեշտ պայմաններ։


