ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վարչապետի մամուլի քարտուղարը խոսել է ապատեղեկատվական արշավների ինտենսիվության կտրուկ աճի մասին

Վարչապետի մամուլի քարտուղարը խոսել է ապատեղեկատվական արշավների ինտենսիվության կտրուկ աճի մասին

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կազմակերպած կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց ապատեղեկատվական արշավների վերաբերյալ կառավարության ուսումնասիրությունները՝ ընդգծելով դրանց աճող ինտենսիվությունն ու հանրային վստահության վրա ազդեցությունը։ Քննարկման ընթացքում Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

«Ուրախ եմ բոլորին տեսնելու այստեղ։ Վստահ եմ, որ այս հանդիպումը հնարավորինս արդյունավետ արդյունքներ կտա մեզ բոլորի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ համագործակցության համար, որովհետև հիբրիդային պատերազմների դեմ պայքարում պետությունը միայնակ չի կարող գործել։ Դիմակայունությունը հնարավոր է ապահովել ակտիվ համագործակցության շնորհիվ՝ ոչ պետական կառույցների, մեդիա հարթակների և անկախ հետաքննողների ներգրավմամբ»,-նշեց նա։

Նազելի Բաղդասարյանը նաև ընդգծեց կառավարության պատրաստակամությունը շարունակական համագործակցության հարցում՝ ապատեղեկատվական արշավների կանխարգելման նպատակով։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապատեղեկատվական արշավները ոչ միայն առկա են, այլև ահագնանում են, և դրանք հնարավոր կլինի կանխել միայն ձեր ակտիվ ներգրավման շնորհիվ»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ապատեղեկատվական և հիբրիդային սպառնալիքները նոր երևույթ չեն Հայաստանի համար։

«Այս երևույթը մեզ համար նոր չէ, մենք դրան առերեսվել ենք դեռևս 2021 թվականին։ Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նախընտրական գործընթացների համատեքստում այս արշավները զգալիորեն ուժգնանում են»,-նշեց Բաղդասարյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ՝ ընդգծելով ինտենսիվության աճը։

«Եթե նախորդող 11 ամիսների ընթացքում մենք արձանագրել էինք շուրջ 72 դեպք, ապա միայն մեկ ամսվա ընթացքում՝ 2026 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում, այդ դեպքերն ավելացել են 42-ով։ Սա ցույց է տալիս, որ օրական գրանցվում է 2-3 և ավելի ապատեղեկատվական արշավ»,-նշեց  նա։

Բաղդասարյանի խոսքով՝ փոխվել է նաև ապատեղեկատվության տարածման մեթոդաբանությունը։

«Եթե նախկինում ապատեղեկատվությունը հիմնականում հիմնված էր ամբողջությամբ կեղծ լուրերի վրա, ապա այժմ տարածվող մանիպուլատիվ լուրերը հաճախ ունենում են իրականության հետ որոշակի աղերս ունեցող փաստեր։ Վերցվում է իրական փաստ, դրան ավելացվում է կեղծ տեղեկատվություն, ստեղծվում է ամբողջական պատում, որը կարող է մոլորեցնել հանրությանը»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ ապատեղեկատվական արշավների թիրախը ոչ թե առանձին անձինք են, այլ պետությունը և հանրային վստահությունը։

«Ապատեղեկատվական արշավների թիրախում որևէ պաշտոնյա կամ կուսակցություն չէ, թիրախում պետությունն է և հանրային վստահությունը։ Տեղեկատվական մեծ աղմուկի պայմաններում շատ դժվար է տարբերել ճիշտը սխալից, և դա լավագույն միջոցն է հանրային վստահությունը խաթարելու համար»,-նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ նման գործընթացներն ուղղված են նաև ժողովրդավարական արժեքների և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության նվազեցմանը։

«Խնդիրը մեր ժողովրդավարական արժեքների թիրախավորումն է, խնդիրը հանրային վստահությունն է, այդ թվում՝ գալիք ընտրությունների նկատմամբ վստահության նվազեցումը, որպեսզի ստեղծվի տպավորություն, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են»,-ասաց նա։

Բաղդասարյանը հավելեց, որ տեղեկատվական աղմուկի պայմաններում օբյեկտիվ տեղեկատվությունը դառնում է ավելի քիչ տեսանելի։

«Երբ մարդը ամեն օր առերեսվում է կեղծ տեղեկատվության, նա շեղվում է իրականությունից, և արդյունքում հանրային աղմուկի մեջ ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվությունը գնալով նվազում է»,-նշեց նա։

Նա նաև ընդգծեց պետական կառույցների տեղեկատվության պատասխանատուների դերի կարևորությունը։

«Այս պայմաններում տարբեր պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների, խոսնակների և տեղեկատվության պատասխանատուների աշխատանքը գնալով ավելի է բարդանում»,- եզրափակեց վարչապետի մամուլի քարտուղարը։

 

  • Կիսվել: