Ուզում եմ հասկանալ՝ ինչպես եք փուչիկ վաճառողից պահանջում ստանալ կարգավիճակ և ձեռք բերել ՀԴՄ սարք․ Խաժակյան
Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես ենք պատկերացնում, որ այդ մարդկանցից պահանջում ենք որ ստանան կարգավիճակ, ձեռք բերեն ՀԴՄ սարք: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով անհատ ձեռնարկատերերի հարցին՝ ՀԴՄ սարք ունենալու վերաբերյալ։
«Մենք հիմա քննարկում ենք, օրինակ, զբոսայգում փուչիկ վաճառողի վերաբերյալ կարգավորումներ եւ առաջարկում ենք, որ նա որեւէ կարգավիճակ ունենա, ենթադրենք անհատ ձեռնարկատիրոջ եւ ՀԴՄ սարք ունենա: Որքան ես առնչվել եմ նրանց հետ, տպավորությունս այնպիսին է եղել, որ իրենք մարդիկ են, որոնք ունեն սոցիալապես ծանր պայմաններ, հատկացնում են մի քանի հազար դրամով ձեռք են բերում այդ փուչիկները եւ իրացնում: Այսինքն այս նախագծով մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա, գրանցի իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ տպող սարք եւ քո գործառույթներն իրականացրու այդ շրջանակում»:
Ի պատասխան նշվեց, որ դա սահմանված է գործող օրենքով, ոչ թե շրջածախ առեւտրին վերաբերող քննարկվող նախագծում: