կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թվային փոխակերպման ոլորտում Հայաստանի համար կարող է հեռանկարային շուկա բացվել. Արմեն Բալդրյան

Թվային փոխակերպման ոլորտում Հայաստանի համար կարող է հեռանկարային շուկա բացվել. Արմեն Բալդրյան

Թվային փոխակերպումը լուրջ առավելություններ ունի, եւ այս ոլորտում Հայաստանի համար կարող է հեռանկարային շուկա բացվել։ Այս մասին հունիսի 14-ին SILICON MOUNTAINS-2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

Նա նաեւ մատնանշեց առկա մարտահրավերները, ուստի կիբերանվտանգության ոլորտում թվային փոխակերպումն ու զարգացումը, նրա կարծիքով, ենթակառուցվածքների զարգացում եւ լուրջ ներդրումներ կպահանջեն։ «Դրա հետ է կապված ՀՀ կենտրոնական բանկի հետաքրքրությունը ոլորտում եւ գագաթնաժողովի կազմակերպման մեջ»,- պարզաբանեց Բալդրյանը։ Նա նշեց լայնաշերտ ինտերնետ հասանելիության ընդլայնման եւ այդ ուղղությամբ մասնավոր հատվածի եւ պետության համագործակցության կարեւորությունը։

ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման վարչության պետ Գարեգին Գեւորգյանը հավելեց, որ ԿԲ-ն գնում է թվային վերափոխման ճանապարհով եւ իր աշխատանքը կազմակերպելու համար առաջնորդվում է կիբերանվտանգության ժամանակակից եւ հուսալի լուծումներով։

Նա հիշեցրեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը թվային օրակարգ է նախաձեռնում՝ ֆինանսական ոլորտում կիբերանվտանգության խնդիրների համար լուծումներ գտնելու համար։ «Մեր կարծիքով՝ ֆինանսական ապագան սերտորեն կապված է թվային տեխնոլոգիաների զարգացման հետ»,- ընդգծեց Գեւորգյանը։

Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ թվային փոխակերպումը ոչ միայն ավանդական մոդելների՝ թվային հարթակ տեղափոխում, այլեւ նոր տեխնոլոգիաների ստեղծում է ենթադրում։ «Կենտրոնում պետք է լինի մարդը, մինչդեռ հաճախ հակառակն է լինում՝ մարդուն ստիպում են հարմարվել ինստիտուտների փոփոխություններին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Երեւանում տեղի կունենա SILICON MOUNTAINS-2022 միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովը, որը նվիրված է թվային փոխակերպմանը։

Նշենք, որ գագաթաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն է:

  • Կիսվել: