երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ծխելու խնդիրն առաջնահերթ է ամբողջ աշխարհի առողջապահության համակարգերի համար, եւ Հայաստանը բացառություն չէ

Ծխելու խնդիրն առաջնահերթ է ամբողջ աշխարհի առողջապահության համակարգերի համար, եւ Հայաստանը բացառություն չէ

Ծխելու խնդիրն առաջնահերթ է ամբողջ աշխարհի առողջապահության համակարգերի համար, եւ Հայաստանը բացառություն չէ։ Այս մասին հոկտեմբերի 12-ին ասել է Հայաստանի առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։

Նա հիշեցրել է, որ ծխելը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող, շնչառական խնդիրներ, շաքարային դիաբետ եւ քաղցկեղ ունեցող անձանց առողջության վրա։

Նրա խոսքով՝ մահացության կառուցվածքում չարորակ ուռուցքները կազմում են 14,8 տոկոս, շաքարային դիաբետը՝ 1,3, շնչառական օրգանների հիվանդությունը՝ 8,3 տոկոս։ «Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի օգտագործմանը, ապա այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտություններն անցկացվել են դեռ 2017թ.։ Այդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծխում է բնակչության մոտ 27,9 տոկոսը։ Նրանց 51,5 տոկոսը տղամարդիկ են, 1,8 տոկոսը՝ կանայք»,- տեղեկացրել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն, իր հերթին, ավելացրել է, որ գերատեսչությունն ամեն տարի համապատասխան հետազոտություն է իրականացնում։

«Տառացիորեն մեկ ամիս առաջ մենք ավարտեցինք դաշտային աշխատանքները։ Մինչեւ տարեվերջ բոլոր տվյալները կվերլուծվեն։ Հետո մենք կիրականացնենք համեմատական վերլուծություն նախորդ հետազոտությունների հետ։ Այսինքն՝ 2017 եւ 2018թթ. հետազոտությունների հետ։ Այս անգամ ուսումնասիրվել են նաեւ արտադրանքի այլ տեսակներ։ Դրանք ե՛ւ ծխախոտներն են, ե՛ւ դրանց փոխարինողները»,- ասել է ինստիտուտի տնօրենը։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշում են ծխելու դեմ պայքարի ազգային օրը։ 2004թ. հոկտեմբերի 12-ին հանրապետությունը վավերացրել է Ծխելու դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան։ Այդ կոնվենցիային միացել է եւս 181 երկիր։

  • Կիսվել: