շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ծխախոտի ակցիզային հարկը կտրուկ բարձրացնենք, մարդիկ կսկսեն ավելի ցածրարժեք ծխախոտ ծխել. փոխնախարար

Եթե ծխախոտի ակցիզային հարկը կտրուկ բարձրացնենք, մարդիկ կսկսեն ավելի ցածրարժեք ծխախոտ ծխել. փոխնախարար

Ընդունված պրակտիկ կա, որ երբ շատ է բարձրանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, հիմնականում արտադրողներն ու ներմուծողները փորձում են դա տեղափոխել գնի մեջ, այսինքն դա մնա սպառողների վրա, այլ ոչ թե այդ հարկը վճարեն իրենց շահույթների հաշվին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ծխախոտի ակցիզային հարկը որոշել են բարձրացնել տարեկան 10 տոկոսով, ոչ թե 15 տոկոսով, ինչպես եղել է նախորդ տարիներին:

«Իսկ երբ գինը էականորեն բարձրանում է, շատ սպառողներ բախվելով իրենց վճարունակության սահմանափակման խնդրին, սկսում են ավելի ցածրարժեք ծխախոտի արտադրանք սպառել, որը կարող է ավելի վնասակար լինել առողջությանը: Էլ չեմ ասում, որ կարող է տնայնագործական եղանակով պատրաստված ծխախոտի արտադրանք սկսեն օգտագործել:

Երկրորդ մտահոգող հանգամանքն այն է, որ երբ մենք բարձրարժեք ծխախոտից անցում ենք կատարում միջին կամ ցածր արժեք ունեցող ծխախոտի արտադրանքի, կառավարությունը կորցնում է ավելացված արժեքի հարկի որոշակի մաս»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, այս ոլորտը տարեկան շուրջ 120 մլրդ դրամի հարկ է վճարում. «Սա գործոն է, որը մենք պետք է հաշվի առնենք: Մեր միջամտությունները նրանց հարկային կամ գործարար միջավայրին, պետք է լինեն նաեւ իրենց համար հասկանալի եւ ոչ կտրուկ, որ շոկեր չունենանք: Այլ հարց է, որ կառավարությունը հայտարարել է, որ վնասակար սպառումը հետեւողականորեն կրճատելու քաղաքականությունը կարեւոր է, եւ եթե նկատել եք, մենք երեք տարի այդ քաղաքականությունն իրականացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ եւս երեք տարի իրականացնելու ենք»:

Հարցին, թե որքա՞ն ծխախոտ է իրացվում Հայաստանում տարեկան, Արման Պողոսյանը պատասխանեց. «Մեր ներքին շուկայի տարողությունը շուրջ 5 մլրդ գլանակ է տարեկան, որից մոտ կեսը ներմուծվում է, կեսը՝ արտադրվում տեղում»:

  • Կիսվել: