շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թրամփը փակ դռների հետևում Իսրայելի նախարարի հետ քննարկել է Գազայի և Իրանի հարցերը. ԶԼՄ-ներ

Թրամփը փակ դռների հետևում Իսրայելի նախարարի հետ քննարկել է Գազայի և Իրանի հարցերը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ փակ դռների հետևում հանդիպել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ՝ քննարկելու Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններն ու Գազայի հատվածում հակամարտությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ եղել է «մասնավոր», և դրա մասին չեն հայտնել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իսրայելը։

Չնայած հանդիպման «գաղտնիությանը»՝ ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Դերմերը նաև առանձին հանդիպում է ունեցել պետքարտուղար Ռուբիոյի հետ և մտահոգություն հայտնել, որ Սպիտակ տունը նախապես չի հաղորդել Եմենի «Անսար Ալլահ» (հութիների) շարժման հետ հրադադարի ծրագրերի մասին ու անտեսել է Իսրայելի ցանկությունը՝ Իրանին ուժային պատասխան տալու վերաբերյալ։

Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ պատերազմելու փոխարեն։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ ցանկանում է Իրանի հետ հասնել «ճշտված» միջուկային խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին խաղաղ զարգանալ ու բարգավաճել և կոչ է արել անհապաղ սկսել աշխատանքները։

Երեքշաբթի էլ ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ «Անսար Ալլահ» շարժման հութիները համաձայնել են դադարեցնել Կարմիր ծովում նավերի վրա հարձակումները, ուստի ամերիկյան զորքերն այլևս չեն հարվածի Եմենի տարածքում ապստամբների օբյեկտներին: Իսրայելը, սակայն, մտահոգված է, որ նախագահի հայտարարած հրադադարը չի վերաբերում Իսրայելի վրա հարձակումներին։

  • Կիսվել: