ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր կատարել. Փաշինյան

Թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր կատարել. Փաշինյան

Հայաստանում թոշակառուները սկսել են ավելի շատ անկանխիկ առևտուր կատարել, որի շնորհիվ առևտրի գումարի որոշակի տոկոսը նրանց վերադարձվում է:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում խոսեց կառավարության՝ կանխիկի շրջանառության կրճատման քայլերից: Ըստ նրա՝ կանխիկի շրջանառության կրճատումն առաջին հերթին կրճատում է կոռուպցիոն հնարավորությունները: Դրամաշրջանառության թափանցիկությունը հնարավորություն  է ստեղծում, որ ավել եկամուտներ հավաքագրվեն բյուջե:

Խոսելով սոցիալական էֆեկտից՝ նա հիշեցրեց, որ թոշակառուները թոշակները ստանում են անկանխիկ եղանակով իրենց բանկային քարտերին, և անկանխիկ առևտրի որոշակի տոկոսը վերադարձվում է նրանց:

«2022 թվականի սեպտեմբերից մենք թոշակներն ավելացրել ենք, ևս այդպիսի մի որոշում կկայացնենք 2023 թվականին: Բայց կանխիկի կրճատման շրջանակում տեղավորվող այս քաղաքականությունը նույնպես թոշակի ավելացում է: Գործնականում 2022-2023 թվականներին մենք 3 անգամ կենսաթոշակները փաստացի ավելացնում ենք՝ 2 անգամ հենց ուղիղ այդ անվան ներքո, իսկ մյուս անգամը՝ արդեն անկանխիկ առևտրի շրջանառության միջոցով»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ մարդն, ով 50 հազար դրամ թոշակ է ստանում, անկանխիկ առևտուր կատարելու միջոցով կարող է ևս 5 հազար լրացուցիչ եկամուտ ստանալ: «Ուրախությամբ եմ արձանագրում, որ թոշակառուների շրջանում անկանխիկ առևտուրն, ըստ էության, սկսում է պրոգրեսիայով աճել»,-նշեց վարչապետը:

Վարչապետը կարևորեց նույն քաղաքականության հետևողական շարունակը նաև սոցիալական նպաստների վճարման համակարգում, այսինքն՝ ընտանեկան նպաստ ստացողների շրջանում:

  • Կիսվել: