Տնտեսավարողների բարձրացրած խնդիրը չի լուծվում՝ ուզում են, որ ընթացակարգը չփոխվի. Շուշանիկ Ներսիսյան
Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում էին, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:
Այս խնդրի շուրջ լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանում է ներկայացրել ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։ Խոսելով ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած հանդիպումից նա հայտնեց, որ տնտեսավարողները չեն ցանկանում, որ ընթացակարգը փոխվի։
«Տնտեսավարողների հետ բաժանվեցինք այն նոտայի վրա, որ իրենց բարձրացրած խնդիրը չի լուծվում. նրանք ուզում են, որ ընթացակարգը չփոխվի»,- ասաց Ներսիսյանը։
ՊԵԿ փոխնախագահը հավելեց, որ Թուրքիայից եկած 2-3 տոննա ապրանքից 7 տաբատի չհայտարարագրման համար տնտեսվարողը չի տուգանվի։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել էր գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։