Տները վերանորոգելիս էներգախնայողության վրա ծախսեր անողների համար վարկերը կսուբսիդավորվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում որոշեց մինչև 2024թ. հուլիսի 1-ը երկարացնել «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Ծրագիրը սկսելիս կանխատեսել էինք, որ առնվազն 2 հազար շահառու կարող ենք ունենալ: Ծրագիրը սկսեց աշխատել օգոսստոսից, առաջին վարկերը եղան այդ ժամանակ, և 2022-ին 1265 շահառու ունեցանք: Ծրագրի ավարտը հուլիսի 1-ն է, այս պահին արդեն 3000 շահառու ունենք: Ծրագիրը հաջողված է, դրա համար առաջարկում ենք ևս մեկ տարով ծրագիրը շարունակել: շուրջ 6,5 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել»:
Նա հավելեց, որ սահմանամերձ շրջաններում սուբսիդավորվում է վարկի 14 տոկոսը, այլ գյուղերում՝ 12 տոկոս, մարզային քաղաքներում՝ 11 եւ Երեւանում՝ 9 տոկոս:
Այս ծրագիրն այն մասին է, որ պետությունը սուբսիդավորում է այն վարկերը, որոնք տրամադրվում են բնարականների ռենովացիայի համար՝ պայմանով, որ վարկի առնվազն 30 տոկոսը կօգտագործվի էներգախնայողության ծրագրերի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց. «Սրանով էներգախնայողության հարց է լուծվում, որ մեր հայրենակիցները այս ծախսերի արդյունքում ավելի քիչ կոմունալ վճարներ վճարեն և երկարաժամկետ կտրվածքով այս վարկը իրենց համար դառնա կապիտալ ներդրում: Մենք ուզում էինք նաև զբոսաշրջության աճի ֆոնին այս ծրագիրը դառնա օգտակար, որպեսզի մարդիկ, հատկապես գյուղական բնակավայրերում կառուցած հսկայական տները, որոնց 10-20 կամ 30-50 տոկոսն է օգտագործվում, հարմարեցնեն այդ բնակարանի ռեալ չօգտագործվող հատվածներում հյուրատներ կառուցելու համար»: