շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՏԿԵ փոխնախարարը շնորհակալ է GIZ-ին՝ ջրային կառավարման ոլորտում ևս մեկ կարևոր ծրագրի շուրջ համագործակցության  համար

ՏԿԵ փոխնախարարը շնորհակալ է GIZ-ին՝ ջրային կառավարման ոլորտում ևս մեկ կարևոր ծրագրի շուրջ համագործակցության համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել GIZ-ի ներկայացուցիչներին մինչ այժմ իրականացված համատեղ ծրագրերի համար և կարևորել հատկապես ջրային կառավարման  ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

GIZ- ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ներկայացրել է պլանավորվող «Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարում՝ Հայաստանի համայնքների ճկուն զարգացման համար» ծրագրի մանրամասները։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից  և հանդիսանում է «Եվրամիությունը հանուն Սևանի» ծրագրի տրամաբանական շարունակությունը։

Վաչե Տերտերյանն իր գոհունակությունն է հայտնել ջրային կառավարման ոլորտում ևս մեկ կարևոր ծրագրի շուրջ համագործակցության հնարավորության  համար։ Տերտերյանը կարևորել է նաև այն փաստը, որ ծրագրի բովանդակությունը համահունչ լինի ջրի ազգային ռազմավարության մշակման ընթացքում ձևավորվող հայեցակարգային մոտեցումներին ու առաջնահերթություններին։ Միևնույն ժամանակ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է նախքան մեկնարկը Ջրային կոմիտեի  կողմից առաջարկված համայնքներում ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու կարևորությունը։

Տվյալ ծրագրի շուրջ առաքելությունը երկշաբաթյա է, ուստի  պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթից  կրկին հանդիպել և առավել առարկայական քննարկում անցկացնել։Ծրագրի տևողությունը երեք տարի է լինելու, մեկնարկելու է 2025 թվականի ավարտին։

  • Կիսվել: