չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՏԿԵ փոխնախարարն ու «Քոնթուր գլոբալ»-ի փոխնախագահը քննարկել են արևային լողացող վահանակների կիրառման հնարավորությունները

ՏԿԵ փոխնախարարն ու «Քոնթուր գլոբալ»-ի փոխնախագահը քննարկել են արևային լողացող վահանակների կիրառման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է «Քոնթուր գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին և «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին։

Հյուրերին ներկայացնելով ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից բխող առաջնահերթությունները՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է արևային էներգետիկայի ոլորտում նորարարական համակարգերի, մասնավորապես արևային լողացող վահանակների տեղակայման և կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին։

Կարլ Շնադտը, վերահաստատելով ՀՀ-ի հետ համագործակցության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամությունը, ներկայացրել է արևային լողացող վահանակների առանձնահատկություններն ու շրջակա միջավայրի նկատմամբ դրանց դրական ազդեցությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալն ու «Քոնթուր գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահը պայմանավորվել են շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ համագործակցության արդյունավետ ու փոխշահավետ լուծումներ գտնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Քոնթուր գլոբալ» ընկերության հետ ընթացիկ և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: