ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ներկայիս գլոբալ ճգնաժամն ունի կոնկրետ շահառուներ, որոնք պատրաստ չեն համակերպվել բազմաբևեռության գալիք դարաշրջանի հետ. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Ներկայիս գլոբալ ճգնաժամն ունի կոնկրետ շահառուներ, որոնք պատրաստ չեն համակերպվել բազմաբևեռության գալիք դարաշրջանի հետ. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Պարսից ծոցի գոտում իրադրության ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի սոցիալական ցնցումների, որոնք լուրջ մարտահրավեր են տարբեր երկրների ազգային անվտանգության համար։ Այս մասին դիվանագիտական առաքելությունների և ներկայացուցչությունների ղեկավարների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը:
 
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն հիմա կարելի է փաստել, որ Պարսից ծոցի գոտում իրադրության ապակայունացումն անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատման, գնաճի ավելացման և սննդամթերքի թանկացման։ Որպես հետևանք՝ անխուսափելի են սոցիալական ցնցումները, որոնք լուրջ մարտահրավեր են ազգային անվտանգության ապահովման համար»։
 
Ըստ Վենեդիկտովի՝ ներկայիս գլոբալ ճգնաժամն ունի մարդածին բնույթ և կոնկրետ շահառուներ, որոնք պատրաստ չեն համակերպվել բազմաբևեռության գալիք դարաշրջանի հետ:
 
Վենեդիկտովը նշել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքներն արդեն զգացվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Գործարկվում են էլեկտրաէներգիայի սպառման կրճատման միջոցառումներ։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձն ու սննդի գները բարձրանում են։ Կիրառվում են վառելիքի գնաճի զսպմանն ուղղված հատուկ մեխանիզմներ, որոնք լրացուցիչ բեռ են պետբյուջեների համար:
 
Նա նաև հավելել է, որ  նավթի արդյունահանումը կրճատվել է օրական ավելի քան 2 մլն բարելով, ինչի արդյունքում Եվրոպա և Ասիա մատակարարումները կրճատվել են պլանավորվածի 40 տոկոսով:
 
Բացի դրանից, նրա խոսքով, տարածաշրջանում գործող աղազերծման կայանքներն արդեն 30 տոկոսով կրճատել են քաղցրահամ ջրի արտադրությունը, ինչը սպառնում է գյուղատնտեսությանն ու առհասարակ կենսապահովմանը:
 
«Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման շուրջ 50 տոկոսի դադարեցման, ինչը կարող է Ասիայում խափանել ցանքի աշխատանքները։ Ազոտային հավելումների գներն աճել են 30 տոկոսով», - ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։
 
 

  • Կիսվել: