Տեղյակ չեմ, որ որևէ մեկի ձեռքից պարտադրանքով գույք կամ վկայական են վերցրել. Կադաստրի ղեկավար
ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան« խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ Դատախազությունը Կիրանցի բնակիչների վկայականները համարել է վավեր։
«Որևէ մի խնդիր այդ վկայականների օրինականության հետ կապված չկա։ Հիշեցնեմ, որ իշխանություններն այդ օրինական վկայականներ ունեցող տասնյակ բնակիչներին պարտադրել է, որպեսզի վերցնեն փոխհատուցումը։ Նրանցից որոշները հրաժարվել են, սակայն կադաստրի քարտեզներից հանված է այդ հատվածը։ Եթե մարդու օրինական կադաստրային վկայականը վերցնում են, ի՞նչ գնահատական կտաք դրան»,-դիմելով Կադաստրի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ հետաքրքրվեց Դանիելյանը։
Թովմասյանն արձագանքեց, որ պատգամավորի կողմից նշված պարտադրանքի մասով տեղեկություն չունի.«եթե ունեք նման տեղեկատվություն, կարող եք համաձայն ընթացակարգերով կիսվել։ ինչ վերաբերում է վկայականների առկայությանը, դրա վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են եղել, որոնց տրվել են պատասխաններ։Եթե ես չեմ սխալվում, մեր օրենսդրությամբ մարդու սեփականության վկայականի հարցը կարող է քննարկվել համապատասխան հոդվածների առկայությամբ։ Ես տեղյակ չեմ, որ որևէ մեկի ձեռքից պարտադրանով գույք կամ վկայական են վերցրել»։