երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուքիասյանի առաջարկները ԵԱՏՄ մաքսային սահմանով փոխադրումների կապարակնիքների, ինչպես նաև ոչ օրինական կանխիկ գումարի անցկացման շուրջ

Սուքիասյանի առաջարկները ԵԱՏՄ մաքսային սահմանով փոխադրումների կապարակնիքների, ինչպես նաև ոչ օրինական կանխիկ գումարի անցկացման շուրջ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճշտեց, թե արդյոք կապարակնքված ապրանքը, որն անցնում է մաքսային հատվածով, երկու երկրների մաքսային կետով էլ սքաների միջով անցնելու կարիք չի ունենա՝ հաշվի առնելով հագեցվածությունը այդ հատվածում։  

Հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշեց, որ նախագիծն ընդհանրապես միտված է մաքսային հսկողության միջոցները նվազեցնելուն՝ ոչ միայն սքանավորման, այլև բոլոր տեսակի միջոցները։

Խաչատուր Սուքիասյանը առաջարկեց ԱԺ-ի հնարավորությունները՝ նախագիծը արագ կյանքի կոչելու համար։ Նա նաև առաջարկեց վիդեոնկարահանման հատված ունենալ, քանի որ Վրաստանը ոչ ԵԱՏՄ անդամ է և կարող  է նման ցանկություն ունենալ՝ տեսնելու, թե ինչ է բեռնվում։

Մուրադյանը նշեց, որ վիդեոտարբերակի մասին չեն քննարկել, սակայն կդիտարկեն այն։ Նա հավելեց, որ ՌԴ-ի և Վրաստանի հետ արդեն պայմանավորվածության են եկել և վրացական կողմի հետ ըստ էության խնդիր չունեն։

Սուքիասյանը նաև անդրադարձավ  «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին․ նա փորձեց ճշտել, թե արդյոք, երբ չհիմնավորված գումարով ոչ ռեզիդենտը հայտնվում է սահմանին, ինչ գործիքներից ենք օգտվում։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցանը պատասխանեց, որ նախ պետք է հիմնավորի ծագման աղբյուրը․ չհիմնավորման դեպքում մի քանի տարբերակ կա՝ առաջին դեպքում ոչ ռեզիդենտը չի կարողանում գումարը երկիր մտցնել, երկրոդում՝ այն իրավապահ մարմիններին է փոխանցվում և գումարը անմիջապես սառեցվում է։

Սուքիասյանը վերոնշյալի հետ կապված առաջարկեց. ելնելով ՀՀ շահերից՝ այն  համակարգել այնպես, որ ոչ հայտնի ծագում ունեցող գումարը մնա ոչ թե ինչ-որ մեկի սեյֆում, այլ ՀՀ-ի  համար նախատեսված որևէ հաշվեհամարին՝ մինչև իրավական որոշումը լինի։

  • Կիսվել: