հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու մեր գիտության և մշակույթի վրա. Հարությունյան

«Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու մեր գիտության և մշակույթի վրա. Հարությունյան

«Սթարմուսը» մեծ ազդեցություն ունեցով ինչպես ուսանողության, այնպես էլ դասախոսության վրա։ Ամփոփելով գիտության և արվեստի փառատոնը` այս մասին հայտնեց «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։
Նշենք, որ փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ամփոփիչ ասուլիսը հետաձգվել էր` պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
 
«Փառատոնը բավական հաջող անցավ, և երբ ասում են` բախտավոր աստղի տակ ծնված, երևի հենց «Սթարմուսի» մասին է։ Մեր գիտնականների մեծամասնությունը կապեր ունեցան մի շարք գիտական կենտրոնների, համալսարանների հետ։ Օրերս զրուցում էի հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանի հետ, որն ասաց` որոշ դպրոցների հետ կապի մեջ է, ինչ-որ ծրագրեր է սկսում։ Չնայած այս ամենին, մեր նպատակն ուսանողներին ոգեշնչելն էր»,–ասաց Իսրայելյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, թե մեկ տասնյակից ավել բուհեր են ներգրավված եղել փառատոնի կազմակերպմանը, իսկ «Սթարմուս» ճամբարը շուրջ 80 000 այցելու է ունեցել, որոնց մեծ մասը դպրոցականներ են եղել։
 
«Մենք աշակերտներին ներկայացրել ենք գիտության վերջին շրջանի առաջնահերթությունները։ Նրանք շատ ոգևորված են, և նման միջոցառումներն այդ տեսանկյունից շատ կարևոր են։ Վստահ եմ, որ «Սթարմուսը» երկարատև ազդեցություն է ունենալու գիտության և մշակույթի ոլորտի վրա։ Մեր առջև դրված խնդիրները լուծել ենք»,–ասաց Հարությունյանը։
 
Նա հավելեց, որ վերջին տարիներին կառավարությունը մոտ 150 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, ավելացել է գիտական սարքավորումների գնման համար տրամադրված գումարները։ Նրա խոսքով` Հայաստանը մեծ պոտենցիալ ունի նոր սերնդին գիտության ոլորտ բերելու։ Նա նշեց նաև, որ, իհարկե, շատ ոգևորված են «Սթարմուսով», սակայն դրանով չեն սահմանափակվի։
 
Հիշեցնենք, որ փառատոնը կրում էր «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-Էմ) ռոբոտը։
 
«Սթարմուս» աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
Փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։

  • Կիսվել: