կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ նվազել է 19 սանտիմետրով, ինչը շատ ցավալի է. Նախարար

Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ նվազել է 19 սանտիմետրով, ինչը շատ ցավալի է. Նախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այս տարի ջրային ոլորտում իրավիճակը դրական է համարում:

«Բավականին դրական իրավիճակ ունենք, բայց ուզում եմ այդ դրական իրավիճակը փորձենք առանձնացնել։ Դրական իրավիճակի մեծ մասը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Եթե այսօրվա իրավիճակը համեմատենք նախորդ տարվա հետ, ապա 207 մլն մ3 լիտր ավելի շատ ջուր ունենք ջրամբարներում։ Առաջին հայացքից շատ լավ է, բայց 207 մլն մ3 լիտրից 198 մլն մ3 լիտրը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Այսինքն՝ կոնկրետ մեկ ջրամբարի պատկեր է, որը շատ լավ է, քանի որ ոռոգվող հատվածներ ունենք Արագածոտնի և Արմավիրի մարզերում», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց նախարարը:

Այս ամենի մեջ բացասականը, սակայն, այն է, որ Ախուրյանի ջրամբարի այդքան շատ ջուրը չի կարող օգնել Սևանին։

«Այսինքն՝ սրանք ամբողջովին տարբեր համակարգեր են՝ և՛ Սևանի տիրույթում գտնվող հատվածը, և՛ Ախուրյանի հատվածը իրար հետ կապ չունեն», - ասաց Սանոսյանը։

Խոսելով Սևանա լճի մակարդակի մասին՝ նա նշեց, որ Արփա-Սևան թունելով տեղափոխվել է 117 մլն մ3 լիտր ջուր, որը 8 մլն մ3-ով ավելի է, քան նախորդ տարի։

«Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ նվազել է 19 սանտիմետրով, ինչը շատ ցավալի է, բայց գործընկերները կանխատեսում են, որ մինչև հուլիսի սկիզբը բավական կբարձրանա, ձնածածկույթ ունենք։ Նախորդ տարվա համեմատ դրական միտում ունենք Մարմարիկի, Ազատի, Ապարանի ջրամբարներում։ Նախորդ տարի բավականին ծանր տարի էր։ Այո՛, այս տարի ոռոգման սեզոնը հետ է ընկել. եթե նախորդ տարի մայիսի 25-ից էր Սևանա լճից ջուր վերցվում, այս տարի մոտ երկու-երեք օրից կսկսենք Սևանից ջուր վերցնել՝ հաշվի առնելով, որ գետերում եղած ջուրը բավարարում է։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը դրական է, բայց լավատեսական չէ», - նշեց Գնել Սանոսյանը։

  • Կիսվել: