կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքը երկարաձգվեց եւս 6 ամսով՝ մինչեւ 2025-ի հունվարի վերջ

Սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքը երկարաձգվեց եւս 6 ամսով՝ մինչեւ 2025-ի հունվարի վերջ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքը, որի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսի 29-ին, երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 30-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրեր չկան եւ հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։

Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող սև և գունավոր  մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գներով:

Դեռ նախորդ անգամ սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ արգելքի կիրառման հաջորդ տարում (2021թ.) պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը աճել է 8.4 անգամ։

Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2024 թվականներին կատարվել են ներդրումներ ոլորտում, այդ թվում՝ օտարերկրյա («Ասեդլ», «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան)։

Միևնույն ժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների ցանկը լրացնել օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների վրա։

  • Կիսվել: