երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի միակողմանի խզումը երևանցիները դրական են գնահատում

«Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի միակողմանի խզումը երևանցիները դրական են գնահատում

Երևանի աղբահանությանն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի միակողմանի խզումը հասարակական կարծիքի հարցման մասնակիցների 86,6 տոկոսը դրական է գնահատել։ Այս մասին այսօր լրագորղներին ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

 

«48,3 տոկոսը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում և ավելի շուտ դրական է վերաբերվում՝ 38,3 տոկոսը։ Այսինքն՝ 86,6 տոկոսը դրական է արտահայտվել այս որոշմանը»,- նշեց Նավասարդյանը։

Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված ընկերության կողմից Երևանին 3 աղբատար մեքենաներ նվիրելու հարցին՝ նա ասաց, որ քաղաքացիների 66,2 տոկոսը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։

«Միանշանակ ոչ՝ նշել են քաղաքացիների 43,4 տոկոսը, ավելի շուտ ոչ՝ 22,8 տոկոսը, ավելի շուտ այո՝ 9,2 տոկոսը և միանշանակ այո՝ 7,5 տոկոսը։ Դժվարացել է հարցին պատասխանել 17,1 տոկոսը»,- ընդգծեց Նավասարդյանը։

  • Կիսվել: